24 օգոստոսի 2009 - 12:08 AMT
Հայաստանի նախագահը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 19-րդ տարեդարձի առթիվ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,19 տարիառաջ`այսօրըՀայաստանի Գերագույնխորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը պատմական եւ ուղենշային փաստաթուղթ էր մեր երկրի ապագայի համար: Այն բազում տառապանքների միջով անցած, խաչով, գրչով ու քրտինքով, հարկ եղած դեպքում նաեւ սուրը ձեռքին պատմական իր ուղին հարթած ժողովրդի կամարտահայտումն էր, սեփական հողի վրա սեփական երկիրը կառուցելու նրա վճռականության դրսեւորումը:

Անկախության հռչակագիրը համայն հայությանկողմից ընդունվեցմեծոգ-որությամբ, քանզի կոչված էր իրողություն դարձնելու հայոց դարավոր երազանքը` անկախ պետականության վերականգնումը:
Հայաստանի ժողովրդի քաղաքական ազատության մասին ի լուր աշխարհի բարձրաձայնող այս փաստաթղթով մենք հռչակեցինք վերելքի մեր ճանապարհը, որով մեր հանրապետությունն ու ժողովուրդն ընթացել են անցած տարիների ընթացքում` նրանում ամրագրված սկզբունքներին հավատարիմ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության հռչակագրի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բարօրություն»: