25 օգոստոսի 2009 - 21:46 AMT
Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական փոխհարաբերությունները տարբեր են ըստ էության
«Ես մտադիր չեմ մեկնաբանել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունները, կարող եմ միայն կարծիք հայտնել գործընթացների մասին: Առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շատ լայն հասկացություն է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հայ քաղաքագետ, Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու հայ-թուրքական փոխհարաբերություններն ըստ էության տարբեր գործընթացներ են տարբեր ժամանակային ընդմիջումներով:
Քաղաքագետի խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշ չափով կարող են ազդել միմյանց վրա, բայց ակնկալել, որ առաջին հարցի լուծումը թույլ կտա լուծել երկրորդը, իրատեսական չէ:
Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկ Բեյրդը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, թուրքական «Hurriyet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարելի է հաջողության հասնել միայն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում իրական առաջընթաց ունենալուց հետո: