29 օգոստոսի 2009 - 15:37 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել է «Մեքենա վարելիս մի' խոսիր» քարոզարշավը
Օգոստոսի 27-ին մեկնարկեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեքենա վարելիս մի' խոսիր» քարոզարշավը, որի նպատակը Հայաստանում բջջային կապի բաժանորդների` ճանապարհային անվտանգության հարցում իրազեկության բարձացումն է, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՎիվաՍելլ-ՄՏՍ պատրաստ է հանուն Հայաստանի բնակչության անվտանգության զոհաբերելու իր եկամտի մի մասը: Վիճակագրական վերջին տվյալներով հեռախոսով խոսելու կամ հաղորդագրություններ ուղղարկելու/ստանալու պատճառով տեղի ունեցած ճանապարհային վթարների թիվը շարունակաբար աճում է: «Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրեն պատասխանատու է համարում հայաստանյան հասարակությունում այս կենսական խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Քարոզարշավի ողջ ընթացքում, հայաստանյան վարորդներին վարելիս հեռախոս չօգտագործելու անհրաժեշտության մասին կհիշեցնեն Երեւանի փողոցների եւ մայրաքաղաքի հետ կապող հիմնական մայրուղիների երկայնքով տեղադրված գովազդային վահանակները: