1 սեպտեմբերի 2009 - 18:31 AMT
6 շաբաթվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության մեջ լուրջ առաջընթա՞ց է արձանագրվելու
Հայ-թուրքական փոխհարաբերությունների վերջին զարգացումները, մասնավորապես, համատեղ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին, ակնարկեցին, որ Թուրքիան դաս է քաղել նախորդ թուրք-ադրբեջանական ճգնաժամից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի (TURKSAM) նախագահ Սինան Օհանը` մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների կարգավորման մեկնարկի մասին: «Այս անգամ հայ-թուրքական փոխհարաբերությունների բոլոր զարգացումներն իրագործվել են բոլորովին գաղտնի կերպով եւ բանակցությունների յուրաքանչյուր փուլը համակարգվել է Բաքվի հետ»,- նշել է թուրք փորձագետը:

Նրա կարծիքով, այն փաստը, որ Ադրբեջանը տեղեկացված է եւ հավանություն է տալիս Երեւանի ու Անկարայի միջեւ ձեռք բերված Արձանագրություններին, խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներն իրականացվում են Ղարաբաղի շուրջ գործընթացում փոփոխություններին զուգահեռ: «Այդ ամենը ենթադրում է, որ 6 շաբաթվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության մեջ լուրջ առաջընթաց է արձանագրվելու»,- ընդգծել է Սինան Օհանը: Նրա կարծիքով, մինչեւ 2009 թվականի վերջը Երեւանը, Անկարան եւ Բաքուն պետք է իրենց նախապատրաստեն խաղաղ բանակցություններին:

«Ներկայումս Թուրքիայում զարգացումներ են նկատվում մի կողմից քրդական, մյուս կողմից հայկական հարցում: Այնուամենայնիվ, այդ երկու նախաձեռնությունները հասարակայնության կողմից դիտարկվում են որպես գերզգայուն: Առանց հանրության աջակցության այդ նախաձեռնությունների հաջողությունը քիչ հավանական է»,- հայտնել է TURKSAM նախագահը: