1 սեպտեմբերի 2009 - 22:44 AMT
Եթե Թուրքիան փորձի բարձրացնել ԼՂՀ խնդիրը, ապա Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները:
"Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը սպասելի էր, ինչի մասին վկայում էին մի քանի հանգամանքներ` մասնավորապես, Հայաստանի նախագահի տված հարցազրույցը BBC ռադիոկայանին, որտեղ Սերժ Սարգսյանը նշեց, որ կան պայմանավորվածություններ երկու կողմերի միջեւ եւ կա այդ պայմանավորվածությունները հարգելու հարց:" - այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Եվրոպական Ինտեգրում»" հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Բեքարյանի խոսքերով, Թուրքիան այս ամբողջ գործընթացի ժամանակ վարել է երկակի քաղաքականություն, ինչի օրինակ են հանդիսանում Թուրքիայի նախագահի եւ վարչապետի իրարամերժ հայտարարությունները: «Հայ-Թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացի ժամանակ Թուրքիայի հայտարարություններն ու քայլերը չէին համընկնում»" - նշեց Բեքարյանը:

Բեքարյանը նաեւ նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացի ժամանակ Հայաստանի նախագահը եղել է ավելի անկեղծ իր հասարակության հետ, քան Թուրքիայի ղեկավարությունը, որն օրինակ պաշտոնապես հայտարարում էր, որ առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, Թուրքիան չի գնա վճռորոշ քայլերի: Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցով հետագա հնարավոր շահարկումերի հնարավորության մասին լրագրողների հարցին ի պատասխան` Բեքարյանը պատասխանել է, որ Հայաստանը գործ ունի այնպիսի երկրի հետ, որից չի կարելի ակնկալել, որ այն չի դիմի շահարկումների այս հարցում: «Նման փորձեր արվել են մինչ օրս եւ ես համոզված եմ, դրանք կձեռնարկվեն նաեւ հետագայում»: Թուրքիայի կողմից ԼՂՀ հարցի բարձրացման փորձի դեպքում, Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները» - նշել է «Եվրոպական Ինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահը:

Բեքարյանը նաեւ նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գինը չի կարող լինել Արցախը, կամ այլ փոխզիջումներ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խմդրում: