2 սեպտեմբերի 2009 - 16:06 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է ԼՂՀ ժողովրդին տոնի կապակցությամբ
«Անցած 18 տարիները հաստատեցին, որ 1991թ. պատմական որոշումը ԼՂՀ կազմավորման եւ անկախության հռչակման մասին այլընտրանք չունի: Այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է իր կառույցներով, բանակով եւ ամենակարեւորը, իրենց ճակատագիրն ինքնուրույյն տնօրինող քաղաքացիներով»,-ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում` նվիրված ԼՂՀ անկախության հռչակման 18-ամյակին:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ այսօր ի դեմս Արցախի, մենք, ինչպես եւ ողջ միջազգային հանրությունը, գործ ունենք ժամանակակից հանրապետության հետ, որը կյանքի է կոչում ազատության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության իդեալները, որը բոլոր օբյեկտիվ ու արհեստական դժվարությունների, ծանր փորձությունների հետ հանդերձ առաջընթաց է ապրում, զարգացնում է տնտեսությունն ու մշակույթը, պաշտպանում է խաղաղությունը: «Հայաստանի Հանրապետությունը եւ ողջ հայությունը բոլոր այս տարիներին եղել եւ մնում են Արցախի հուսալի հենարանը: Հավաստիացնում եմ բոլորին, որ ղարաբաղյան խնդրի ցանկացած խաղաղ լուծում կընդունվի Ղարաբաղի ժողովրդի համաձայնությամբ եւ կամքի ազատ արտահայտման միջոցով»,-ասել է նախագահը: