2 սեպտեմբերի 2009 - 16:23 AMT
Լեռնային Ղարաբաղը չի հիշատակվում հայ-թուրքական փաստաթղթերում
Արձանագրությունների երկու նախագծերի պաշտոնական հրապարակումը որոշ չափով անակնկալ էր: Այդ փաստաթղթերը ոչ միանշանակ արձագանքներ ունեցան եւ Հայաստանում, եւ Թուրքիայում, ինչը զարմանալի չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքերով, առաջիկա ամիսներին հայ դիվանագիտությունը բավական կտրուկ քննադատության արժանացավ, երբեմն հիմնավորված, սակայն առնվազն վաղաժամ կլինի լայն հանրության դատին ներկայացված փաստաթղթերը համարել հայ դիվանագիտության ձախողումը: «Առնվազն Հայաստանի նվաճումը կարելի է համարել այն, որ չկա ուղղակի կապ Անկարայի ու Երեւանի հարաբերությունների կարգավորման եւ պաշտոնական Բաքվի պայմաններով ղարաբաղյան խնդրի կարգավորման միջեւ: Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չի հիշատակվում հայ-թուրքկան փաստաթղթերի նախագծերում, իսկ հղումները հավասարության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա, նման դեպքրեում պարտադիր բնույթ են կրում: Հավանաբար, այժմ կարելի է ասել, որ Անկարան ու Երեւանը ընդմիշտ ճանաչեցին ՄԱԿ-ի մյուս բոլոր անդամների տարածքային ամբողջականությունը, սակայն հազիվ թե դա արդյունավետ լինի»,-ասել է ռուս փորձագետը: Արեշեւն ընդգծել է, որ տարածքային ամբողջականությունը, ինչպես հայտնի է, շատ բարդ ու ոչ միանշանակ ֆենոմեն է, որի մասին կարելի է խոսել միայն սերտորեն կապակցելով այն միջազգային իրավունքի այլ սկզբունքների հետ: Այստեղ գործունեության մեծ դաշտ կա հայ դիվանագիտության համար, Ղարաբաղի հարցում հարկավոր է ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական դիրքորոշում: Ավելի քան հավանական է, որ Ղարաբաղի հարցում պաշտոնական Երեւանի վրա ճնշում գործադրելու փորձեր կարվեն:

«Դեռեւս առջեււմ է քաղաքական խորհրդակցությունների գործընթացը, եւ փաստ չէ, որ այն կավարտվի հենց վեց շաբաթ անց, այսինքն մինչ «Ֆուտբոլային դիվանագիտության» հերթական խաղակեսը: Սակայն նույնիսկ եթե բոլոր փաստաթղթերը ստորագրվեն, դրանց վավերացումը ակնհայտ չէ: Պարզ է, որ Թուրքիան կօգտագործի բաց սահմանները, ապրանքային ու տեղեկատվական հոսքերը, հումանիտար կապերը որպես «մեղմ ուժի» տարրեր եւ հայկական պետությունը պետք է պատրաստ լինի համապատասխան մարտահրավերների համարժեք ընկալմանը»,-գտնում է Արեշեւը: