3 սեպտեմբերի 2009 - 11:50 AMT
Ռուբեն Մեհրաբյան. Արձանագրություններից հստակ երեւում է հայկական դիվանագիտության ձախողումը
«Հրապարակված «գիշերային» Արձանագրությունները հայտնվեցին BBC-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից հետո, որտեղ նա միտք հայտնեց, թե չի տեսնում իր պարտավորությունները կատարելու Թուրքիայի ցանկությունը: Այդպիսով նա այնպիսի «ցանկություն» «գուժեց», որ լավ էր, չլիներ: Հիմա հարկավոր է բացատվել, դրանք «արժանապատիվ», «խոստումնալից-ցանկալի» հայտարարել եւ այլն, միացնելով ղեկավար եւ ուղղորդող ուժի իմաստությամբ վարչական հիացմունքի մեխանիզմները եւ այլն: Իսկ չոր մնացորդում մենք ստացանք այն, ինչ չէր կարելի անել: Փաստորեն, Արձանագրությունների կետերում պարզ երեւակվում է հայկական դիվանագիտության ձախողումը»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, կոնյուկտուրային TV-լավատեսների եւ քաղաքականամերձ «տելեպուզիկների» խոսքերի շղարշին հակառակ, այդ Արձանագրություններով բավարարվում են թուրքական կողմի բոլոր երեք նախապայմանները, որոնք նա մշտապես առաջ էր քաշում վերջին տարիներին, այն է` առկա սահմանների հաստատում, հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, որն, ըստ թուրքական վարկածի, «չի եղել», Ղարաբաղի «օկուպացիայի» դադարեցում:

«Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունում այդ մասին ուղղակիորեն ասող առանձին կետ կա, թեւե միջազգային պրակտիկայում դիվանագիտական հարաբերությունների հաստատման, առկայության բուն փաստը արդեն իսկ ենթադրում է նաեւ առկա սահմանների ճանաչում (անշուշտ, եթե տարածքային պահանջների մասին պաշտոնապես հայտարարված չէ, ինչը չկար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ): Այսպիսով, Թուրքիային բավարարող հոգեբանական խնդրից բացի, այս կետը այլ բան չի պարունակում: Նույն կերպ կարելի էր հաստատել բազմապատկման աղյուսակը, որպեսզի հայերը չհամարձակվեին կասկածել...Այնուհետեւ, հանձնաժողովի կազմում լինելու է պատմական խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողով, որը ուսումնասիրելու է արխիվային պատմական փաստաթղթերը: Ոչ ոք դեմ չէ փաստաթղթերի ուսումնասիրությանը, հակառակը, որքան շատ, այնքան լավ: Սակայն միթե հասկանալի չէ, որ դրա համար պետք չէ, չի կարելի ստեղծել միջպետական հանձնաժողով: Ուղղակի պետք է բացել արխիվները եւ հրավիրել բոլոր նրանց, ով ցանկանում է ուսումնասիրել: Այսպիսով, Ցեղասպանության հարցը դառնում է բանավեճի առարկա, ինչն ուղղակի վիրավորական է ցանկացած հայի համար: Էլ չեմ ասում, թե դուք ի՞նչ եք բացատրելու այն երկրներին, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը, այն թուրքերին, որոնք, երբեմն հետապնդումների ենթարկվելով, նույնպես ճանաչել են այն»,-ասել է փորձագետը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղյան կարգավորումը չի հիշատակվում արձանագրություններում: «Սակայն արձանագրությունների իրականացումն ըստ ալգոռիթմի ու ժամանակի այնպես է հաշվարկված, որպեսզի Հայաստանի քաղաքական ղեկավարությանը պատին սեղմեն եւ ստիպեն ստորագրել այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները կրակովյան խմբագրությամբ, որոնց համաձայնության մասին արդեն ասվել է եւ չի հերքվել պաշտոնական Երեւանի կողմից: Այսինքն, եթե Անկարան նահանջ քայլ աներ այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունում», ապա Սարգսյանը ձեւական պատճառ կստանար ոչ միայն չմեկնելու խաղին, այլ նաւե ձգձգելու ղարաբաղյան կարգավորումը: Սակայն, այժմ հնարավոր մանեւրի լայնությունը զրոյական է: Կարիք կա արդյոք եւս ինչ-որ բան ընդգրկել արձանագրության մեջ: Սա հռետորական հարց է:

Իսկ հայկական կողմը ստանում է բաց սահմանի խոստում, եթե իրեն լուռ ու պատշաճ կերպով պահի: Իսկ պատշաճ ասածը արդեն պարզաբանեցինք: Փաստորեն, անցած 1,5-2 տարվա եւ մինչ այս տարեվերջ իրադարձությունների զարգացման դիալեկտիկան հետեւյալն է`ներքաղաքական ճգնաժամ-արտաքին քաղաքական արկածախնդրություն, ազարտային խաղ ճգնաժամը հաղթահարելու նպատակով-դիվանագիտական ձախողում-նոր համակարգային ճգնաժամ: Գլխավոր դասը, որ պետք է քաղել արդի պատմության այս փուլից, ըստ իս, այն է, որ կենսական նշանակություն ունեցող ազգային խնդիրների լուծումը չի հանդուրժում կոմերիտական անլրջություն եւ իմիտացիա, բթամտություն ու սնապարծություն, ինչպես նաեւ չափի զգացողության բացակայություն: Որպեսղի հանկարծ հիմար եւ ոչ պրոֆեսիոնալ չստացվի»,-ասել է Ռուբեն Մեհրաբյանը: