3 սեպտեմբերի 2009 - 16:41 AMT
2011թ. Հայաստանի դպրոցներում հնարավոր է շրջանավարտներ չլինեն
2011-2012թթ. ուսումնական տարում Հայաստանի դպրոցներում հնարավոր է շրջանավարտներ չլինեն, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական դպրոցների գերատեսչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «2011թ. կրթական համակարգում այսպես կոչված կրթական ճգնաժամ է հնարավոր»,- ասել է նա:

Նարինե Հովհաննիսյանը պարզաբանել է, որ 9 դասարան ավարտած աշակերտներն անմիջապես ընդունվելու են ավագ դպրոցի 10-րդ դասարան, որտեղ սովորելու են եւս երեք տարի: Սակայն, գերատեսչության պետի խոսքով, նախարարությունում քննարկումներ են ընթանում եւ դիտարկվում է այն հնարավորությունը, որ 11-րդ դասարանում սովորողները կարող են էքստերն տարբերակով հանձնել քննությունները 12-րդ դասարանի ծրագրով եւ ընդունվել բուհ: «Այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է գտնվում, սակայն հնարավորություն կա, որ 11-րդ դասարանի ատեստատ ունեցող աշակերտը կկարողանա բուհ ընդունվել»,- պարզաբանել է նա:

Հանրակրթական դպրոցների գերատեսչության պետը հիշեցրել է, որ 2006-ից Հայաստանն 12-ամյա կրթական համակարգին է անցել` ելնելով ժամանակի պահանջներից: «Ժամանակի ընթացքում ծագեց նոր առարկների ներմուծման անհրաժեշտությունը, ինչպիսիք են «ինֆորմատիկան», «ես եւ շրջակա միջավայրը», նոր կրթական ծրագրեր: Նման պայմաններում աշակերտների չափազանց ծանրաբեռնված էին սովորում` օրական 8 դասաժամ: Իսկ այժմ` 12-ամյա կրթությանն անցնելուց հետո, 8 դասաժամ ունեն միայն 11-րդ դասարանցիները: Երբեք ուշ չէ սովորել, թող սովորեն»,- ընդգծել է Նարինե Հովհաննիսյանը: