3 սեպտեմբերի 2009 - 22:59 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ Արցախի վրա
«Ես կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ մեր արտաքին քաղաքականության մեջ կա որոշակի ուղղվածություն` լավ հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, մեր հարեւան պետությունների հետ»,-ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը այսօր Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած դեսպանների հանդիպմանը:

«Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ վաղ թե ուշ պետք է կարգավորվեին, եւ այժմ մենք առաջին քայլերն ենք անում այդ ուղղությամբ»,-ասել է Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, Ուկրաինայում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ Թուրքիայի կապը Ադրբեջանի հետ եւ Անկարայի ազդեցությունը Բաքվի վրա: