5 սեպտեմբերի 2009 - 20:05 AMT
Շատ հայ երգիչներ չեն կարող ելույթ ունենալ առանց ֆոնոգրամայի
«Այն բանից հետո, երբ մշակույթի նախարարը արգելեց երգել ֆոնոգրամայի ուղեկցությամբ, ես, ինչպես եւ նախկինում, երգում եմ առանց ֆոնոգրամայի: Բացառություն են կազմում հեռուստատեսային նկարահանումները, երբ ելույթը ֆոնոգրամայի ուղեկցությամբ ընդունելի է եւ երբեմն նույնիսկ գերադասելի է անորակ սարքավորումների պատճառով: Սակայն ինձ հիասթափեցրին իմ որոշ գործընկերներ` չկարողանալով երգել «կենդանի» հնչողությամբ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է երգչուհի Նունե Եսայանը:
Նրա խոսքերով, հրաման արձակելուց առաջ, ՀՀ մշակույթի նախարարությունն ու կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկեն երգիչ-կատարողներին որակյալ սարքավորումներով ապահովելու համար:
Իր հերթին «Empyray» ռոք-խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանն ընդգծել է, որ շատ երգիչներ ծնված են ուղղակի կլիպ նկարահանելու եւ հայտնի դառնալու համար, սակայն ընդհանրապես ոչ մի կապ չունեն երգի հետ: «Այժմ նախարարի հրամանագիրը թույլ տվեց նրանց արագ բացահայտել: Եվ եթե նախկինում հայ հանդիսատեսը համերգի էր գնում ցածր որակի ձայնագրություններ լսելու համար, ապա այժմ համերգներում հաճախ ենք լսում վատ կատարում կարաոկեի ուղեկցությամբ»,-ասել է Մանուկյանը:
Փետրվարի 25-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հրամանագիր ստորագրեց, որով պետական միջոցառումներին արգելվում է երգիչներին ելությ ունենալ ֆոնոգրամայի ուղեկցությամբ, ապահովելու համար «կենդանի» կատարում պետական ոչ առեւտրային կազմակերպություններին պատկանող համերգային սրահներում անցկացվող միջոցառումների ժամանակ: