7 սեպտեմբերի 2009 - 23:17 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն
ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել դեսպան Ռոբերտ Բրադկեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, մինչ ընթացիկ տարվա հուլիսը Ռոբերտ Բրադկեն, ԱՄՆ ԱԳՆ համակարգում 35-ամյա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետ, զբաղեցնում էր Խորվաթիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: 2001-2004թթ. նա աշխատել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով, պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար: «ԱՄՆ-ն հասկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի դրական քայլերը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ երկու երկրների նախագահները շահագրգիռ են շարունակել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, որն ուղղված է խնդրի վերջնական լուծմանը եւ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար: Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Ռոբերտ Բրադկեին նշանակելու վերաբերյալ: Դեսպան Բրադկեն հուսով է, որ կկարողանա այցելել տարածաշրջան առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Յան Քելլին: