8 սեպտեմբերի 2009 - 10:55 AMT
Դավիթ Հայրապետյանի մարզիչ. Լինարեսը իր մենամարտի ոճով հիշեցնում է թուրք Փեհլիվանին
Սեպտեմբերի 7, Միլանում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը 1/8 եզրափակչում 48 կգ քաշային կարգ ունեցող հայ բռնցքամարտիկ, Ռուսաստանի հավաքականում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը հաղթանակ տարավ էկվադորցի Կարլոս Կուիպոյի նկատմամբ` 15:4, եւ քառորդ եզրափակչին հանդիպում ունեցավ իսպանացի Խոսե դե լա Նեւի հետ: Հայրապետյանի անձնական մարզիչ Վալերի Էնտալցեւի կարծիքով, իր խնամակալը հաղթանակի հասավ ընտրած մարտավարության շնորհիվ:

«Այս մենամարտին պատրաստվելիս մենք հաշվի էինք առնում, որ էկվադորցին շատ զգայուն է եւ լավ է հասցնում պատասխան հարվածները, - նշեց Վալերի Էնտալցեւը: - Դավիթը պետք է շատ զգույշ լիներ, որպեսզի դեմ չառներ այդ հարվածներին: Բացի այդ Կիպոն սիրում է եւ կարող է հարվածել ցատկելիս: Այս պահը Դավիթը այսօր օգտագործեց ամբողջությամբ: Նա լավ արագությամբ կտրում էր տարածությունը, ստիպում էր գրոհել հակառակորդին` հասցնելով իր հարվածը եւ հաջողությամբ հակահարվածում էր: Ընտրած տակտիկան գործեց անխափան: Դավիթն ամբողջովին տնօրինում էր մենամարտը: Բոլոր նրա գրոհները ստույգ եւ հստակ էին»,- մեջբերում է Էտնալցեւի խոսքերը «Վես սպորտը»:

Վալերի Էնտալցեւը իր կարծիքը հայտնեց նաեւ Հայրապետյանի մյուս հակառակորդի` իսպանացի Խոսե դե լա Նիվե Լինարեսի վերաբերյալ:

«Իսպանացին արդեն երկար տարիներ աշխարհի բռնցքամարտի վերնախավի կազմի մեջ է գտնվում: Նա լավ պաշտպանվում է եւ միշտ աշխատում է ետին երկրորդ համարով: Իր մենամարտի ոճով նա հիշեցնում է թուրք Փեհլիվանին, որին Հայրապետյանը հաղթեց 1/6 եզրափակչում: Իսպանացու հետ մենամարտում Դավիթին պետք է հակառակորդին բացել կեղծ գրոհով եւ սեղմել նրան, երբ որ նա հակահարվածի»,- ասաց Էնտալցեւը: