8 սեպտեմբերի 2009 - 16:09 AMT
Թաթուլ Մանասերյան. Հայաստանը պետք է գիտենա, թե ինչ է իրեն սպասում
Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տնտեսական հարաբերությունների հաստատմանը, նա ասել է, որ հավանաբար, այստեղ, պետք է խոսել հարաբերությունների լեգալացման մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ մշտապես աճում է: «Մեր հաշվարկներով, Թուրքիայի հետ հարաբերությունները կազմում են Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեկ քառորդը: Երբ մենք խոսում ենք այդ մասին, մենք առաջին հերթին ի նկատի ունենք ներմուծումը, քանի որ այս պահի դրությամբ մենք գրեթե բան չունենք առաջարկելու մրցունակ ապրանքի տեսքով»,-ասել է Թ.Մանասերյանը: Տնտեսագետը նշել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը սպասվող իրադարձություն է, ավելին այն պետք է վկայի նորմալ հարաբերությունների մասին:
«Հարց է ծագում` ով է առաջին հերթին շահագրգիռ երկրների միջեւ հարաբերությունների հաստատման գործում»,-ասել է հայ փորձագետը` հավելելով, որ Հայաստանը պետք է գիտենա, թե ինչ ակնկալի: «Խոսելով շահագրգռվածության մասին, ակնհայտ է, որ Թուրքիան, որն արդեն տարիներ շարունակ ձգտում է անդամակցել ԵՄ-ին, ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ ինքը ոչ միայն քաղաքակիրթ երկիր է, այլ նաեւ բաց տնտեսություն եւ բաց սահմաններ ունեցող երկիր է»,-ասել է հայ փորձագետը` ընդգծելով, որ նա չի տեսել մի այնպիսի երկիր, որն ունենա փակ տնտեսություն եւ փակ սահմաններ: Ըստ նրա, եթե մի կողմ թողնենք երկրի արտաքին քաղաքականությունը, ապա Թուրքիան պետք է պարզաբանի հանրությանը, թե ինչու նա չի ներմուծում ՀՀ-ից էլեկտրաէներգիա եւ դրանով գոնե մասնավորապես չի փակում իր էներգետիկ դիսբալանսը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ինքն է փակել սահմանը, ինքն էլ պետք է շահագրգիռ լինի այն բացելու հարցում: Հայաստանից ոչինչ կախված չէ: