8 սեպտեմբերի 2009 - 21:55 AMT
Հայաստանի վարչապետն այցելել է «Մանկական գյուղ», որտեղ դաստիարակվում են որբ երեխաներ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի` Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղ»:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

Կոտայքի մարզում 1990թ. առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, եւ ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ է առել շուրջ 220 սան:

Ներկայումս այստեղ բնակվում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, անպաշտպան եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող 56 երեխա: Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները, խնդիրները եւ 20-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները: ՀՀ վարչապետը շրջել է «մանկական գյուղում», զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց կենցաղով ու առօրյայով:

Տիգրան Սարգսյանը «մանկական գյուղում» անցկացված խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին եւ Հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկել է հանրապետությունում գործող պետական մանկատների շրջանավարտների պետական ծրագրերով նախատեսված խնամքն իրականացնել` հաշվի առնելով Հիմնադրամի փորձը: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի ձեռքբերումները, կուտակած փորձը եւ հույս հայտնել, որ պետական կառույցների հետ համաֆինանսավորման դեպքում հնարավոր է առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել:

ՀՀ կառավարության ղեկավարը եղավ նաեւ «մանկական գյուղում» հիմնադրամի կողմից ստեղծված մանկապարտեզում, ուր այցելում են ոչ միայն «Սոս մանկական գյուղի», այլեւ մի շարք հարակից գյուղական համայնքների երեխաներ: «Սոս մանկական գյուղում» բնակվող երեխաներին վարչապետը նվիրել է երաժշտական կենտրոն: