9 սեպտեմբերի 2009 - 22:15 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը մեկնում է Չինաստան
Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի ԱԳ նախարար Յան Չիեչիի հրավերով կմեկնի Պեկին՝ պաշտոնական այցով: Այցի ընթացքում նախատեսվում է նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Չինաստանի պետական եւ կուսակցական բարձագույն ղեկավարների հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում, հարցազրույցներ կտա չինական «Սինհուա» գործակալությանը եւ CCTV պետական կենտրոնական հեռուստաընկերությանը:

Չինաստան այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կայցելի նաեւ Շանհայ, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները քաղաքային իշխանությունների եւ «Շանհայ էքսպո- 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի ղեկավարությանը, որի հետ կքննարկի ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հարցերը:

Նախարար Նալբանդյանը Երեւան կվերադառնա սեպտեմեբրի 14-ին: