10 սեպտեմբերի 2009 - 15:17 AMT
Տիգրան Սարգսյան. Թունավորման վտանգը մանկապարտեզներում եւ դպրոցներում պետք է հասցվի նվազագույնի
Անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` բացառելու համար նման դեպքերի կրկնությունը ՀՀ մանկապարտեզներում եւ դպրոցներում: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կայացած կառավարության նիստում: «Վերջին իրադարձությունները Սիսիան քաղաքի մանկապարտեզում, որտեղ երեխաներ թունավորվեցին, պետք է լրջորեն մտահոգեն կառավարության բոլոր անդամներին: Անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` բացառելու համար նման դեպքերի կրկնությունը ՀՀ մանկապարտեզներում եւ դպրոցներում»,-ասել է նա:

Ըստ վարչապետի, Սիսիանի դեպքը վկայում է այն մասին, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուրջ քննարկումների առարկա դառնան, լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն, որոնց մասին հանրությունը պետք է իրազեկվի:

Միեւնույն ժամանակ, Սարգսյանը հանձնարարել է գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին քննարկումներ անցկացնել, պարզելու համար, թե ինչպիսին է իրավիճակը երկրի դպրոցներում ու մանկապարտեզներում, հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար:

2009թ. սեպտեմբերի 5-ին Սիսիանում հոսպիտալացվել են նույն մանկապարտեզը հաճախող 25 երեխաներ` աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ: