12 սեպտեմբերի 2009 - 10:53 AMT
Հայ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս է եկել բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ
Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ելույթները շարունակող Հայաստանի միակ ներկայացուցիչ Անդրանիկ Հակոբյանն այսօր վճռորոշ հանդիպում կանցկացնի, որի արդյունքում հայտնի կդառնա աշխարհի չեմպիոնը մինչեւ 75կգ ք/կ: Հակոբյանի մրցակիցը եզրափակչում կլինի ուզբեկ բռնցքամարտիկ Աբբոս Ատոեւը, որը կիսաեզրափակչում հաղթեց հնդիկ Վիենդերին 7:3 հաշվով:

Հակոբյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 4:3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Վենեսուելայի ներկայացուցիչ Ալֆոնսո Բլանկոյի հանդեպ:

Իսկ Հակոբյանի ուղին դեպի Օլիմպ սկսվեց եզրափակչի 1/32 իրաքցի Աբդուլրիդ Վահիդի հանդեպ հաղթանակից (13:6): 1-16-ում նա հաղթեց շվեդ Նաիլ Տերբունյուին (15:11), 1/8-ում` իռլանդացի Դարրեն Օ'Նիլին (7:3), իսկ քառորդ եզրափակչում 8:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մոլդավացի Վիկտոր Կոտյուժանսկու հանդեպ, դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացնում էր 9 բռնցքամարտիկ, որոնցից միայն Հակոբյանին հաջողվեց մեդալ ապահովել իր համար: