12 սեպտեմբերի 2009 - 20:27 AMT
«Ժառանգությունը» անհրաժեշտ է համարում հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ ԱԱԽ նիստ հրավիրելը
Սեպտեմբերի 12-ին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը կուսակցության եւ համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, որում նշվում է ԱԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների քննարկելու համար:
Նամակի հեղինակները նշել են նման քննարկմանը բոլոր շահագրգռված քաղաքական ուժերի եւ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը: «Ի հաստատումն մեր այդ դիրքորոշման` «Ժառանգություն» կուսակցությունը եւ նույնանուն խորհրդարանական խմբակցությունը դիմում են Ձեզ` ՀՀ նախագահի եւ Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամների հետ միասին նախաձեռնել վերոնշյալ նիստը: Խնդիրը մամուլի ակումբներում, հեռուստառադիոեթերում կամ տպագիր մամուլում քննարկելուց զատ, կարեւոր է նախաստորագրված արձանագրությունների, առկա իրավիճակի ու դրա հետագա զարգացումների համալիր եւ համապարփակ վերլուծությունը պետական ինստիտուտներում»,- ասվում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: