14 սեպտեմբերի 2009 - 16:09 AMT
Հայ-թուրքական արձանագրությունների մեջ կարելի է եւ հարկավոր է փոփոխություններ ներմուծել
«Ոչ մի փաստաթղթեր, հատկապես հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունները, չեն կարող դոգմա լինել, եւ դրանցում կարելի է փոփոխություններ ներմուծել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, եթե անգամ նախնական փաստաթղթերը ներկա պահին ստորագրվել են, դա դեռեւս չի նշանակում, որ դրանց փոփոխման համար մեխանիզմներ չկան: «Եթե փոփոխություններ ներմուծելու համար հնարավորություն չկա, ապա ում են պետք այդ քննարկումները, ապա ինչի համար է պետք քննարկել այդ փաստաթղթերը Հայաստանի խորհրդարանում»,- արձանագրել է Վահան Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է, որ այդ փաստաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ է հասարակայնության լայն շրջանակների աջակցությունը: «Շատ շուտով ՀՅ Դաշնակցությունը կտարածի արձանագրությունների վերաբերյալ իր առաջարկները, որտեղ կնշվի, թե կոնկրետ որ կետերում ինչպիսի փոփոխություններ է պետք ներմուծել»,- ավելացրել է Վահան Հովհաննիսյանը: