14 սեպտեմբերի 2009 - 18:32 AMT
Հայաստանի նախագահը ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է իր ռուս պաշտոնակցին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին ծննդյան օրվա կապակցությամբ:
Դմիտրի Մեդվեդեւին ուղղված շնորհավորական հեռագրում նախագահ Սերժ Սարգսյանը գրել է. «Ուրախ եմ, որ մերմիջեւ ձեւավորված վստահարժան երկխոսությունը, անձնական ընկերական հարաբերությունները նպաստում են հայ-ռուսական փոխգործակցության ներկապնակի բոլոր հարցերի հաջող կարգավորմանը, միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը, ինչպես նաեւ մեր երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ եւ հետեւողական զարգացմանը»:
Իր ուղերձում ՀՀ ղեկավարը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը եղել եւ մնում է Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության կարեւոր գրավականը:
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել երկու երկրների միջեւ համագործակցության բազմակողմ զարգացման եւ ամրապնդման գործում Դմիտրի Մեդվեդեւի մեծ եւ անգնահատելի ներդրման համար, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: