15 սեպտեմբերի 2009 - 12:39 AMT
Կալկաթայի հայ համայնքում տեղի է ունեցել Մայր Թերեզայի հիշատակին նվիրված միջոցառում
Սեպտեմբերի 13-ին գթության քույր` Մայր Թերեզայի մահվան հիշատակի 12-րդ տարելիցին Կալկաթայում գտնվորղ նրա տուն-թանգարանում, որտեղ գտնվում է նաեւ նրա գերեզմանը, կազմակերպվել էր «Մարդկության խաղաղոււթյանը նվիրված» միջհարանվանական աղոթք, որին ներկա էին Կալկաթայի բոլոր կրոնական կազմակերպությունների եւ համայնքների առաջնորդներն ու ներկայացուցիչները:

Արարողությանը հրավիրված էր նաեւ հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանը` ընկերակցությամբ ճեմարանի վարչական տնօրեն` արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանի:

Արարողության ընթացքում հոգեշնորհ Հայր Սուրբը ելույթով հանդես եկավ` աղոթելով աշխարհի խաղաղության եւ Մայր Թերեզայի հոգու հանգստության համար` իր խոսքում նշելով. «Վստահաբար այս պահին որբեւայրիների եւ աղքատների գթության քույր` Մայր Թերեզան, իր քաղցր հայացքով մեզ է նայում երկնքից եւ հանուն աշխարհի խաղաղության, ուզում է, որ մարդիկ սիրեն եւ հարգեն միմյանց»,-ասել է Խորեն Հովհաննիսյանը: