16 սեպտեմբերի 2009 - 23:16 AMT
Հայ - թուրքական սահմանի բացումով հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կնվազեն
Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար հայ - թուրքական սահմանի բացումը` ասաց, որ նման տիպի քննարկումներ եւ հետազոտություններ շատ են իրականացվել նաեւ արտասահմանյան փորձագետների եւ միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Համաշխարհային բանկը:
Նա նաեւ նշեց, որ սահմանների բացումը եւ առեւտրա-տնտեսական կապերի հաստատումը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից: «Վերջիվերջո 21րդ դարում փակ սահմանները եւ բնականոն առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը հարեւան երկրների միջեւ անհեթեթություն են», - ընդգծեց նախարարը:
Նրա խոսքերով, սահմանների բացումը դրականորեն կանդրադառնա եւ' Հայաստանի, եւ' Թուրքիայի տնտեսությունների վրա, մասնավորապես` հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կտրուկ կնվազեն, ինչը թույլ կտա հայ արտադրողներին ընդլայնել շուկան: