22 սեպտեմբերի 2009 - 16:14 AMT
Հայ ֆուտբոլիստուհիները երկրորդ ջախջախից պարտությունն են կրում Հունգարիայի կողմից
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականը հունգարական Պեչ քաղաքում ընթացող 2010 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած երկրորդ խաղում նույնպես պարտություն է կրել` այս անգամ զիջելով Հունգարիայի հավաքականին պակաս խոշոր հաշվով, քան նախորդ հակառակորդներին` Բելգիայի հավաքականին (0:10):
Հունգարիայի թիմը Հայաստանի հավաքականի դարպաս 4 անպատասխան գնդակ է ուղարկել, որոնցից առաջինը 17-րդ րոպեին իր հաշվին գրանցել է Կոպաչը: Վերջինս 41-րդ րոպեին երկրորդ գոլն է ձեւակերպել: Երկրորդ խաղակեսում, ինչպես եւ առաջինում, իրադրության տերը հիմնականում Հունգարիայի հավաքականն էր: Սկզբում 74-րդ րոպեին Դեմետերը հաշիվը մեծացրեց, իսկ 81-րդ րոպեին այդ խաղում վերջակետ դրեց Վեսեշը:
Այդպիսով, Հայաստանի հավաքականն ընտրական փուլի երկու խաղում 14 գնդակ է բաց թողել` ոչ մեկը չխփելով, եւ վերջին խաղից առաջ եզրափակում է 8 խմբի մրցաշարային աղյուսակը:
Սեպտեմբերի 24-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկան կանանց հավաքականը խմբային շրջանի վերջին խաղում հանդիպում կունենա լատվիացի հասակակիցների հետ, որոնք նույնպես երկու խոշոր պարտություն են կրել:
Հունգարիայի եւ Բելգիայի հավաքականները, ակտիվում 6 միավոր ունենալով, արդեն ապահովել են իրենց մասնակցությունը եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա 2010 թվականի մայիսի 24-30-ը: