22 սեպտեմբերի 2009 - 22:22 AMT
ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը կարծում է, որ Հայաստանը բաց կթողնի պատմական արդարությանը հասնելու հնարավորությունը
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններով Հայաստանը ոչ միայն հրաժարվում է Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններից, այլ նաեւ կարող է բաց թողնել պատմական արդարությանը հասնելու հնարավորությունը: Այս մասին Երեւանում կայացած հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը: «աշխարհում քիչ չեն պետությունները, որոնք ունեն տարածքային վեճեր: Բայց դա չի խանգարում նրանց ունենալ բարիդրացիական հարաբերություններ եւ բաց սահմաններ», - նշեց Օսկանյանը:

Խոսելով Հայաստնի եւ Թուրքիայի միջեւ պատմական հարցերով զբաղվով ստեղծվելիք միջկառավարական հանձնաժողովի մասին, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ արձանագրություններն ուղղակի բացառում են երկու պետությունների միջեւ անկեղծ երկխոսություն վարելու հնարավորությունը: «Ստացվում է, որ մեր ղեկավարությունը ինքն է ներքաշվում Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ: Արձանագրությունները դեռ ստորագրված չեն, բայց Թուրքիայում արդեն խոսում են, թե ինչպես կարելի է չեղյալ համարել այն հուշագրերը, որոնցով մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանություններն ընդառաջ են գնում Անկարայի բոլոր այս պահանջներին, բայց դեռ պարզ չէ, կբացվի՞ արդյոք սահմանը թե ոչ», - նկատեց Վարդան Օսկանյանը: