24 սեպտեմբերի 2009 - 15:10 AMT
Հայաստանի Գիտությունների ակադեմիայում քննարկել են հայ-թուրքական արձանագրությունները
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հասարակական քննարկումների շրջանակներում տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողով, որի հրավիրյալն էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը , ինչպես նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանդիպմանը մասնակցում էին շուրջ հարյուր հիսուն գիտնական` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ:

ԳԱԱ ընդհանուր ժողովին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացի վերաբերյալ ծավալուն զեկույցով հանդես եկավ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ելույթներով հանդես եկան եւ արտգործնախարարին հարցադրումներ ուղղեցին ակադեմիկոսներ Գեւորգ Բրուտյանն ու Վիլեն Հակոբյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Բաբկեն Հարությունյանը, Աշոտ Մելքոնյանը եւ Ալեքսանդր Մանասյանը:

Ժողովին ելույթ ունեցավ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:

Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարը մանրամասն անդրադարձավ ելույթներում հնչեցված հարցադրումներին: Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած գործընթացը սկսվել եւ վարվել է առանց նախապայմանների եւ հենց այդ փոխըմբռնմամբ էլ կողմերը հանգել են փոխհամաձայնությունների, որոնք արտացոլված են նախաստորագրված արձանագրություններում: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: