25 սեպտեմբերի 2009 - 16:03 AMT
Թուրքական յաթաղանից փրկված հայերի ժառանգներն երբեք չեն հրաժարվի իրենց իրավունքներից
Երուսաղեմի հայերը հուսախաբված են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմի հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը: «Մենք դրական ենք վերաբերվում Հայաստանի նախագահի համահայկական շրջագայությանը, որը մտադիր է այցելել աշխարհի խոշորագույն հայ համայնքները` հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկելու համար, սակայն հարցը նրանում է, թե ինչ գնով ենք մենք ցանկանում հաստատել այդ հարաբերությունները»,-նշել է նա:

Ըստ Ժ. Ավագյանի, հրապարակված արձանագրությունները փաստորեն նշանակում են, որ աշխարհի հայերը պետք է հրաժարվեն հանուն արդարության մղած իրենց 95-ամյա պայքարից: «Պետք չէ մոռանալ, որ հենց Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը եւ նա էլ պարտավոր է բացել այն: Սփյուռքահայերը ՀՀ նախագահի հետ առաջիկա հանդիպումներում պետք է իրենց բողոքը հայտնեն այդ փաստաթղթերի ստորագրման առնչությամբ», հայտարարել է Ժ.Ավագյանը: Նրա խոսքերով, լինելով թուրքական յաթաղանից մազապուրծ հայերի զավակ, նա, ինչպես եւ աշխարհի միլիոնավոր հայեր, նյութական եւ տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի կառավարությունից եւ երբեք չեն հրաժարվի դրանից: