26 սեպտեմբերի 2009 - 14:24 AMT
Իրան-Հայաստան ե/գ շինարարությանը կարող են մասնակցել «ՌԵՈՒ» ՓԲԸ դուստր ընկերությունները
Սեպտեմբերի 25-ին Յարոսլավլում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության Միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հանձնաժողովի հայկական հատվածի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ռուսական պատվիրակությունը` Հանձնաժողովի ռուսական հատվածի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեվիտինը:
Ռուսական կողմը հաղորդել է ներդրումների համապատասխան հիմնավորման մշակմանը ձեռնամուխ լինելու, հեռանկարային բեռնահոսքի գնահատման ու Իրանի ու Հայաստանի միջեւ նախագծվող երկաթուղային կայարանի բեռնավորման, ինչպես նաեւ շինարարությանը «ՌԵՈՒ» ՓԲԸ դուստր ընկերությունների մասնակցության հնարավորության մասին: Այդ մասին հաղորդում է ՌԴ Տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:
Հայաստանի եւ Իրանի երկաթուղային հաղորդակցությունը նախատեսում է 80կմ երկարությամբ նոր գծերի կառուցում Իրանի հյուսիս-արեւմուտքում` հայկական սահմանի վրա Արաքս գետից մինչեւ Մարանդ կետը Թավրիզ-Ջուղա առանցքի վրա:
Նախնական գնահատականով, գծի շինարարությունը կարժենա մոտ $2 մլրդ: