29 սեպտեմբերի 2009 - 14:26 AMT
Հիլդա Չոբոյան. Աշխարհասփյուռ հայությունն միահամուռ մերժում է Հայ-թուրքական արձանագրությունները
Ողջ աշխարհի հայերը դեմ են Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների ստորագրմանը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության, հոգեբան Գրիգոր Բելեդյանը, էսսեիստ Ջանին Ալթունյանը, լրագրող Արփիկ Միսակյանը եւ Արփի Թոթոյանը, պատմաբան, պրոֆեսոր Միհրան Դաբաղը, ամերիկացի պրոֆեսոր, ցեղասպանությունների հետազոտությամբ զբաղվող գիտնականների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Ռոջեր Սմիթը նախաձեռնել են «Ոչ» օնլայն ստորագրահավաքը, որին արդեն միացել են շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ: Այնտեղ ասվում է, որ ստորագրելով այդ արձանագրությունները, Հայաստանը կմեկուսացնի Սփյուռքը եւ կդառնա թուրքական ռազմավարության մասնակիցը, որն ուղղված է հայ ժողվորդի պառակտմանը:

«Ողջ աշխարհի հայերը ողջունում են «Ոչ» նախաձեռնությունը: Հայ-թուրքական արձանագրությունները վիրավորում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի ղեկավարությունը փորձում է օրինականացնել իր Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: «Հենց այդ պատճառով է, որ հայկական սփյուռքը պետք է հստակ ներկայացնի իր դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը եւ թույլ չտա պառակտում Հայաստանի ու Սփյուռքի միջեւ»,-ասել է Հիլդա Չոբոյանը: