29 սեպտեմբերի 2009 - 17:34 AMT
Բակո Սահակյան. Արցախի թեմի վերաբացումն առաջին հաղթանակը եղավ համազգային պայքարում
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Այսօր ազգովի տոնում ենք մեր պետականության եւ ժողովրդի համար կարեւորագույն տարեդարձ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 20-ամյակը: Հայ ժողովրդի կյանքում հավատքը միշտ եղել եւ մնում է բոլոր հաղթանակների, ապագայի հանդեպ վստահության հուսալի գրավականը` լինի դա ռազմի դաշտում թե խաղաղ ստեղծագործ կյանքում: Ճակատագրական պահերին նաեւ անսասան հավատքի միջոցով ենք կարողացել հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները:
Անգնահատելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր ժողովրդի գոյատեւման եւ զարգացման գործում: Պատմության ընթացքում, երբ կորցրել էինք պետականությունը, եկեղեցին իր վրա է վերցրել քաղաքական իշխանության դերը եւ դարեր շարունակ հանդիսացել օտարի լծի տակ գտնվող ժողովրդի ազգային ինքնության ու արժանապատվության, միասնականության ու ազատատենչ ոգու պահպանման ամենակարեւոր եւ թերեւս միակ կռվանը:
Ու ամենեւին էլ պատահական չէ, որ եկեղեցին եղել է նաեւ ազգային-ազատագրական պայքարի կազմակերպող ուժը: Այդ գործում իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել Արցախի հոգեւոր թեմը: 18-րդ դարում, երբ հայ ժողովուրդը նոր ազատագրական զարթոնք էր ապրում, Գանձասարը դարձել էր այդ պայքարի կենտրոնը:
Այդպես էր նաեւ մեր նորօրյա պայքարի` Արցախյան շարժման տարիներին: Ինքնին խորհրդանշական է այն փաստը, որ Ստեփանակերտում կայացած առաջին հանրահավաքը տեղի է ունեցել եկեղեցական ամենակարեւոր տոներից մեկի` Տեառնընդառաջի օրը: Արցախահայությունը ստացավ Աստծո օրհնությունը իր արդարացի պահանջատիրության ճանապարհին:
1930 թվականին Ադրբեջանի իշխանությունները փակել էին հայկական բոլոր վանքերն ու եկեղեցիները: Սակայն նույնիսկ այդ պայմաններում նրանք շարունակում էին իրականացնել իրենց սուրբ առաքելությունը` անխզելի կապ ապահովելով անցյալի ու ներկայի միջեւ, հույս ու հավատ ներշնչելով մարդկանց եւ միշտ վառ պահելով ազգային արժանապատվությունն ու հպարտությունը, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու հրամայականը:
Արցախի թեմի վերաբացումը հանդիսացավ մեր համաժողովրդական պայքարի անդրանիկ հաղթանակը: Առաջին իսկ օրից թեմը կանգնեց շարժման առաջնագծում` քաջալերելով ժողովրդին նորանոր հաղթանակների ու նվաճումների, կոփելով մարդկանց ոգին, ուժ ու եռանդ հաղորդելով նրանց: 1989 թվականին թեմի վերաբացման շնորհիվ պատմական Արցախի հողում նորից վերազարթոնք ապրեց հոգեւոր կյանքը: Այդ գործում մեծ է թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի անձնական ավանդը:
Բարեկամներ, այսօր մենք ունենք ազգային անկախ պետականություն, մեր ժողովուրդը հաստատակամորեն բռնել է զարգացման ուղին եւ ինքնուրույն կերտում է իր ապագան: Հիմա էլ մեր եկեղեցին շարունակում է պետության հետ ձեռք ձեռքի զորացնել Արցախ աշխարհը, հաջողությամբ իրականացնում է իր հոգեւոր առաքելությունը, ազգապահպանման գործը: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Լեռնային Ղարաբաղում ամուր հիմքերի վրա է դրված պետություն-եկեղեցի կապը: Մենք գործում ենք միասին եւ համատեղ ջանքերով լուծում մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները:
Պատերազմից հետո Արցախում սկսվել է հին եկեղեցիների վերականգնման եւ նորերի կառուցման մի նոր փուլ: Թեմի գործունեությանը նոր լիցք կհաղորդի մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարը, որը կլինի ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ գիտակրթական կենտրոն:
Ներկա պայմաններում անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել եկեղեցու գործունեությունը` հատկապես Արցախի հոգեւոր անվտանգության ապահովման ուղղությամբ: Լուրջ ուշադրություն պետք է դարձվի բնակչության հետ տարվող աշխատանքներին, մասնավորապես, հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրերում:
Պետություն-եկեղեցի-ժողովուրդ անսասան կապը մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկն է, եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները այսուհետ էլ շարունակելու են ըստ ամենայնի աջակցել մեր հանրապետությունում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությանն ու Արցախյան թեմի զորացմանը: Վստահ եմ, միասին մենք կհասնենք նոր հաղթանակների ու ձեռքբերումների»,-ասել է ԼՂՀ նախագահը: