29 սեպտեմբերի 2009 - 18:29 AMT
ԱրմենՏել-ը սակագնային ծրագրեր է գործարկել սահմանափակ լսողական եւ խոսակցական հնարավորությունների տեր բաժանորդների համար
Հայաստանի հեռահաղորդակցական ծառայությունների խոշորագույն օպերատոր` ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել է «Հաղորդագրություն 1» եւ «Հաղորդագրություն 2» նոր սակագնային ծրագրերի մասին, որոնք ստեղծվել են հատուկ խոսակցական եւ լսողական սահմանափակ հնարավորությունների տեր բաժանորդների համար:

Տվյալ սակագնային ծրագրերն արտոնյալ գներով SMS եւ MMS հաղորդագրությունների միջոցով հաղորդակցվելու հնարավորություն են ընձեռում, իսկ սակագների գործարկումը զուգակցվել է Խուլ ու համրերի միջազգային օրվան, որը նշվում է սեպտեմբերի վերջին կիրակի օրը:

Տոնի առթիվ Հայաստանի խուլ ու համրերի միավորման շենքում այսօր կայացած հանդիսավոր արարողության ընթացքում ԱրմենՏել ընկերության վաճառքի գծով տնօրեն Գենադի Կալգաշկինն ասել է. «Ես վստահ եմ, որ ցանկացած հասարակության արժեքներն ու մարդասիրությունը որոշվում են նրանով, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում բնակչության սոցիալապես անպաշտպան խավերին: Մեր հերթին, մենք ակտիվ սոցիալական դիրք ենք բռնել եւ տարբեր սոցիալական նախագծեր ենք իրականացնում, այդ թվում նաեւ նման կարգի սակագնային ծրագրեր ենք առաջարկում` հաղորդակցությունն առավել մատչելի դարձնելու համար»:

«Հաղորդագրություն 1» սակագնային ծրագրում մեկ ելքային SMS-հաղորդագրության արժեքը ՀՀ-ում Beeline ցանցի ներսում կազմում է 3 դրամ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում այլ բջջային ցանցերի համարներով կարճ հաղորդագրության արժեքը` 18 դրամ, իսկ միջազգային օպերատորների համարներին` 30 դրամ: Մեկ ելքային MMS հաղորդագրության արժեքը Հայաստանում եւ ԱՊՀ-ում Beeline ցանցի ներսում կկազմի 20 դրամ, իսկ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ցանցերի, ինչպես նաեւի միջազգային օպերատորների համարներին` 50 դրամ: Բոլոր մուտքային հաղորդագրություններն անվճար են: Տվյալ սակագնային ծրագրում բաժանորդավարձը նախատեսվում է օրական 20 դրամի չափով:

«Հաղորդագրություն 2» սակագնային ծրագրում բաժանորդավարձ չի գանձվում: Առաջին 1000 ելքային SMS-հաղորդագրությունների արժեքը ՀՀ-ում Beeline ցանցի ներսում օրացույցային ամսվա ընթացքում կկազմի 4 դրամ: Սկսած 1001-երորդից, կարճ հաղորդագրությունների արժեքը կկազմի 12 դրամ 1 SMS-ի դիմաց: Առաջին 1000 ելքային SMS-հաղորդագրությունների արժեքը Հայաստանի եւ ԼՂՀ-ի ցանցերի համարներին օրացույցային ամսվա ընթացքում կկազմի 18, իսկ սկսած 1001-երորդից` 20 դրամ մեկ հաղորդագրության դիմաց: Միջազգային օպերատորների համարներին կարճ հաղորդագրությունների գինը կկազմի 30 դրամ: Մեկ ելքային MMS հաղորդագրության արժեքը Հայաստանում եւ ԱՊՀ-ում Beeline ցանցի ներսում կկազմի 20 դրամ, իսկ Հայաստանի եւ ԼՂՀ-ի ցանցերի, ինչպես նաեւի միջազգային օպերատորների համարներին` 50 դրամ:

Նոր սակագներին միանալ կարելի է անվճար ընկերության կորպորատիվ վաճառքների ծառայությունում` Հայաստանի խուլ ու համրերի միավորման անդամության վկայական ներկայացնելով, հաղորդում է ԱրմենՏել-ի լրատվական ծառայությունը: