29 սեպտեմբերի 2009 - 19:34 AMT
Հայ համայնքներում Հայաստանի նախագահին սպասվում է սուր քննադատություն
Աշխարհի հայկական խոշոր համայնքներ ուղեւորություն կատարելու որոշումը խիզախ քայլ է: Այս մասին Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ - Դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ Սեպուհ Կալպակյանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի նախագահի այս քայլը, բայց ուզում ենք ասել, որ այդ ուղեւորության ընթացքում նա կբախվի բազմաթիվ դժվարությունների: Նախագահին սուր քննադատություն է սպասվում, մասնավորապես Բեյրութում կայանալիք հանդիպման ընթացքում», - նշեց Սեպուհ Կալպակյանը:

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանը պետք է հանդիպեր Սփյուռքին մինչ հայ - թուրքական արձանագրությունների հրապարակումը:

Առաջին անգամ Հայաստանի նախագահը կիրականացնի համահայկական ուղեւորություն դեպի աշխարհի խոշոր հայ համայնքներ: Սերժ Սարգսյանը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով քաղաքները, որտեղ կիրականանան տարածաշրջանային հանդիպումներ: Այս այցերի նպատակն է ծանոթանալ հայկական Սփյուռքի կարծիքին եւ մոտեցումենրին` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: