29 սեպտեմբերի 2009 - 20:23 AMT
Լարիսա Ալավերդյան. Սփյուռքը մոնոլիտ չէ
Սփյուռքը մոնոլիտ չէ եւ նրա որոշ ներկայացուցիչներ հայկական իշխանություններին բավարարելու համար կարող են այնպիսի տպավորություն ստեղծել, թե Սփյուռքում նույնպես բազմակարծություն կա` դրանով իսկ աջակցելով հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա այցը հայկական համայնքներ եւ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Սփյուռքի ճնշման ներքո ՀՀ նախագահը հրաժարվի Արձանագրություններից, Ալավերդյանն ասել է, որ ամեն ինչ հնարավոր է:

«Ես չեմ ցանկանում, որպեսզի նախագահը հրաժարվի Արձանագրություններից, իմ ցանկությունն այն է, որ մենք նոր Արձանագրություններ ունենանք, որոնցում երկու կետ պարունակվի` առաջինը Հայաստանի ապաշրջափակումը, երկրորդը` երկրները դիվանագիտական հարաբերությունների հաստատման նոր գործընթաց են սկսում դեսպանների մակարդակով»,- ասել է Լարիսա Ալավերդյանը: