30 սեպտեմբերի 2009 - 00:53 AMT
Արթուր Աբրահամ. Ես իմ բոլոր տնային կենդանիներին «Մայք Թայսոն» էի անվանում
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իր կարծիքն է հայտնել «Super six world boxing classic» մրցաշարի մասին եւ պատմել է «Մայք Թայսոն» անունով իր նոր շան մասին:
«Ես շատ եմ կարոտում իմ նոր շանը: Նա ընդամենը 8 ամսեկան է եւ ես նրան, ցավոք, չեմ վերցրել հետս: Ես իմ բոլոր տնային կենդանիներին «Մայք Թայսոն» էի անվանում»,-ասել է Աբրահամը` հավելելով, որ հենց Թայսոնի փայլուն մենամարտերն են նրա համար բռնցքամարտով զբաղվելու լավագույն խթանը հանդիսացել, եւ նա ցանկանում է նույնքան հաջողակ լինել ռինգում, որքան իր կուռքը:
Բեռլինում առաջիկա մրցաշարի վերաբերյալ Աբրահամը հայտարարել է, որ այնտեղ չկան թույլ բռնցքամարտիկներ եւ լավագույնները դուրս են գալու լավերի դեմ:
«Ինձ համար երազանք է եղել մասնակցել «Showtime» մրցաշարին: Այդ մրցաշարից հետո ես հայտնի կդառնամ ողջ աշխարհում: Ես կուրախացնեմ ոչ միայն իմ այստեղի, այլ նաեւ Ամերիկայի երկրպագուներին: Ես սիրում եմ Ամերիկան: Դա հիանալի երկիր է: Այնտեղ կարելի է հասնել ամեն ինչի եւ ես ցանկանում եմ մեծ մենամարտեր անցկացնել այդ երկրում, իսկ «Super six world boxing classic» մրցաշարը նպատակին հասնելու իմ առաջին քայլը կլինի», մեջբերում է Աբրահամի խոսքերը Fightnews.com-ը:
Այս պահի դրությամբ Զիննովիցեի (Գերմանիա) մարզական ճամբարում Աբրահամը նախապատրաստվում է Ջերմեն Թեյլորի հետ մենամարտին: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինում եւ կանցնի «Showtime» մրցաշարի առաջին շրջանի շրջանակներում: