30 սեպտեմբերի 2009 - 19:45 AMT
Հայաստանի իշխանությունները պետք է կանխարգելեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումից առաջացած բոլոր ռիսկերը
Սեպտեմբերի 30-ին կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Հանրային Խորհրդի(ՀԽ) հետ հանդիպումը, որի հիմնական թեման եղել են հայ - թուրքական արձանագրությունները: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, ՀԽ բոլոր 12 հանձնաժողովներն անցկացրել են քննարկումներ այս թեմայով, ինչից հետո ընդունվել է որոշման ծրագիրը, որում արտացոլված են ՀԽ հիմնական կարծիքները արձանագրությունների նկատմամբ:


«Գրեթե բոլորը կողմ են հանդես գալիս Թուրքիայի հետ սահմանների բացման եւ հարաբերությունների հաստատման համար, քանի որ այդ կերպ Հայաստանը դուրս կգա շրջափակումից եւ տարածաշրջանային մյուս երկրների համար հուսալի գործընկեր կդառնա: Սակայն գոյություն ունեն մտավախություններ` կապված տնտեսական եւ միգրացիոն էքսպանսիայի եւ անշարժ գույք ձեռք բերելու անկառավարելի հնարավորության հետ: Մենք կարծում ենք, որ սահմանների բացման դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է կազմավորեն համապատասխան կառավարական խումբ, որը կվերանայի որոշ օրենսդրական դրույթներ եւ կկանխարգելի էքսպանսիայի
ռիսկերը», - նշեց Մանուկյանը:

Նա նշեց, որ քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ Արցախի խնդրում նախապայմանների հնարավորությունն այս արձանագրություններում: «Պատմական հարցերով հանձնաժողովի ստեղծումը մեր կարծիքով կարող է ընդունվել որպես այն, թե մենք կասկածի տակ ենք դնում Հայոց ցեղասպանությունը եւ որ Թուրքիայի նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կասեցումն է: Մենք նաեւ կարծում ենք, որ այն ցանկանում է սեպ խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ», - ասաց ՀԽ նախագահը` հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող կասկածի տակ դրվել: «Մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկումն այլ ենթատեքստում կարող է հնարավորություն տալ թուրք ազգին ծանոթանալ դրան, որ իրականում նման իրադարձություններ տեղի են ունեցել», - ասաց Մանուկյանը: Նա նաեւ նկատեց, որ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ մասնագետներ Սփյուռքից եւ շատ կարեւոր է, որ հանձնաժողովի նախագահը լինի այնպիսի մարդ, ով լավ գիտի հարցի էությունը եւ վայելում է Սփյուռքի վստահությունը: