1 հոկտեմբերի 2009 - 17:59 AMT
2009թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ բյուջեի եկամուտները կրճատվել են 14 տոկոսով
2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթանցքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 415.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 494.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված իննամսյա ծրագրի համապատասխանաբար 77.7 եւ 81.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 46.2%-ով, ծախսերի գծով` 55.2%-ով: Այդ մասին ասվում է ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփբնութագրում, որը պատրաստվել էր Հայաստանի Ֆինանսների նախարարության կողմից:

Նախորդ տարվանույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14%-ով կամ 67.8 մլրդ դրամով: Մասնավորապես` 18.8%-ով (74.7 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը եւ 8%-ով` պաշտոնական դրամաշնորհները, որոնք կազմել են ավելի քան 2.8 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.2 մլրդ դրամով (1.8%-ով) եւ 5.9 մլրդ դրամով (33.1%-ով):

Պետական բյուջեի եկամուտների 77.8%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.8%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.7%-ը` այլ եկամուտների եւ 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2009 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 323.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 75.5%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 44.1%-ով` տարեկան ծրագիրը: