2 հոկտեմբերի 2009 - 17:43 AMT
Երեւանում բացվել է սիրիական ապրանքների ցուցահանդեսը
«Այսօր համագործակցության նոր էջ է բացվել Հայաստանի ու Սիրիայի միջեւ»,-ասել է Հայաստանի Առեւտրա-տնտեսական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը` բացելով սիրիական ապրանքների ցուցահանդեսը Երեւանի «Գորիս» ցուցասրահում: Ըստ նրա, Սիրիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո, երկու երկրների միջեւ շատ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են հաստատվել: «Ի դեմս սիրիացի ժողովրդի, մենք տեսնում ենք ոչ միայն գործընկերների, այլ նաեւ ընկերների»,-հավելել է նա:
Իր հերթին, Սիրիայի էկոնոմիկայի փոխնախարար, դոկտոր Քասան Իդը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին` հույս հայտնելով, որ նման ցուցահանդես կկազմակերպվի նաեւ Սիրիայում: «Այս ցուցահանդեսի անցկացումը նաեւ Հայաստանի ու Սիրիայի միջեւ համագործակցության խորացմանն ուղղված առաջին քայլն է»,-ասել է նա: Փոխնախարարը հավելել է նաեւ, որ «յուրաքանչյուր սիրիացի զգում է իրեն Հայաստանում ինչպես տանը եւ վստահ է, որ հայերը եւս իրենց ինչպես տանն են զգում Սիրիայում»:
Միեւնույն ժամանակ Հալեպի Առեւտրային պալատի նախագահ, դոկտոր Հասան Զեյդունը կոչ է արել հայ գործարարներին ներդրումներ անել Սիրիայի տնտեսության մեջ, եւ հավելել է, որ Սիրիայի կառավարությունն ընդունել է մի շարք օրինագծեր, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին եւ կոչված են դյուրացնելու ներդրումային գործընթացը հայ գործարարների համար: Մասնավորապես, ըստ նրա, Սիրիայում արտադրված ապրանքը կազատվի մաքսային տուրքերից: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ տնտեսական համագործակցության շրջանակներում, սիրիացի գործարարները եւս շահագրգռված են ներդրումներ անել Հայաստանում:
2008թ. ապրանքաշրջանառությունը Հայաստանի ու Սիրիայի միջեւ 5,9 մլն դոլար է կազմել, ընդ որում արտահանումը կազմել է 86 հազար դոլար, իսկ ներկրումը` 5,9 մլն դոլար:
2008թ. Հայաստանից Սիրիա են ներկրվել պոմպեր, կոմպրեսորներ, պրոֆիլային պրոեկտորներ, իսկ Սիրիայից Հայաստան են ներկրվել մաքրող միջոցներ, դեղորայք, տեքստիլ եւ պլաստմասե իրեր: