2 հոկտեմբերի 2009 - 21:25 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը Գերմանիայի նոր դեսպանին ծանոթացրել է ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշման հետ
Հոկտեմբերի 2-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեպան Շմիդթին Գերմանիայի վերամիավորման 20-ամյակի եւ Հայաստանում ԳԴՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում եւ Հայաստանի արտաքին գերատեսչության աջակցությունը հայտնեց նրան:

Հանս-Յոխեն Շմիդթը շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար, նշեց որ Գերմանիան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանն ուղղված քայլերը: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Շմիդթը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, նշեցին երկկողմ բարձր մակարդակի այցելությունների եւ շփումների ընդլայնման անհրաժեշտությունը: Դեսպանի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանս-Յոխեն Շմիդթը ծնվել է 1947թ. Բադ Քյոզենում: 1969-1974թթ. ստացել է իրավաբանական բարձրագույն կրթություն: 1979-2000թթ. բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի ԱԳՆ համակարգում: 2000-2004թթ. եղել է Ուկրաինայում, 2007-2008թթ.` Ղազախստանում Գերմանիայի փոխդեսպանը: 2008թ. նշանակվել է Մինսկում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար: