3 հոկտեմբերի 2009 - 15:24 AMT
Սերժ Սարգսյան. Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լոկ առաջին քայլերն են
«Արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ»,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փարիզում: «Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձեւավորելուց բացի, որեւէ այլ խնդիր այս պահին չեն լուծում, փոխարենը` մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու եւ ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար: Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար եւ անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին»,-ասել է նախագահը:
Այնուհետեւ Նախագահ Սերժ Սարգսյանն մանրամասնորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, նախաստորագրված արձանագրություննրի ընձեռած հնարավորություններին ու դրանց վերաբերյալ առկա հիմնական մտահոգություններին: Անդրադառնալով այն տեսակետին, թե արձանագրությունների ստորագրումն ու հարաբերությունների հաստստումը Թուրքիայի հետ կարող է կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Առանց եթեների միանշանակ պնդում եմ, որ նման բան գոյություն չունի»:
Անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու եւ կասկածի տակ առնելու հնարավորությանը` Նախագահ Սերժ Սարգասյանն ասել է. «Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ: Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում: Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետեւանքները»:
Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան: Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները եւ նոր եռանդով գործի անցնի»:
Խոսելով առավել հաճախ հնչող մեկ այլ մտահոգության մասին, թե Թուրքիան հարաբերությունների կարգավորումը կարող է օգտագործել Արցախի հարցում ճնշում գործադրելու համար, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ղարաբաղի հարցում գոյություն ունի բանակցությունների հստակ ձեւաչափ, որով այն ընթանում է: Նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում եւ չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռեւս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ»:
Խոսելով նախաստորագրված փաստաթղթերի մասին Սերժ Սարգսյանն ասել է. «Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ դռներ են բացում այս արձանագրություններն ու ընթացող գործընթացը: Իմ վերջին շրջանի ելույթներում ես անընդհատ նույն հարցն եմ բարձրացնում. արդյո՞ք մենք դռներ ենք փակում: Վստահ եմ` ոչ: Իրականությունն այն է, որ սա համաձայնություն է երկու սուվերեն երկրների միջեւ, հետեւաբար` ընդունելի եւ չընդունելի է երկու կողմի համար էլ: Բայց, իրականում մեզ հաջողվել է շարժվել առկա խնդիրների լուծման համար մեխանիզմների կայացման ճանապարհով` բուն լուծումները թողնելով ապագա համատեղ աշխատանքի դաշտում: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ստանալ փաստաթուղթ, որը ոչինչ անդառնալի չի դարձնում, փոխարենը հնարավորություններ է բացում աշխատելու բոլոր նպատակների ուղղությամբ»:
Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք ապրում ենք նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական միջավայրում: Մենք պետք է լինենք այդ միջավայրը ձեւավորողներից մեկը եւ չենք կարող լինել մի կողմ քաշված պասիվ դիտորդներ: Մենք պետք է վարենք ակտիվ ու նախաձեռնող քաղաքականություն: Իմ հիմնական հորդորն է. եկեք հավատանք մեր ուժերին, եկեք ընդունենք, որ միասին իսկապես ուժեղ ենք եւ միասին էլ առաջ գնանք: Հայրենիքը չի կատարի որեւէ քայլ, որը չբխի համահայկական շահերից: Մեր ռազմավարական, հեռանկարային նպատակները նույնն են, եւ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհին ոչ միայն դուռ չի փակում, այլեւ նոր հնարավորություններ է բացում»:
Նախագահ Սարգսյանի ելույթից հետո մտքերի շահագրգիռ փոխանակում է ծավալվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման բոլոր մասնակիցները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց եւ իրենց ներկայացրած կազմակերպությունների ու կառույցների տեսակետները նախաստորագրված փաստաթղթերի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ, անկախ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ունեցած տարբեր մոտեցումներից, հայկական Սփյուռքը, որպես հավաքականություն, մշտապես եղել է եւ պարտավոր է լինել մայր Հայրենիքի կողքին, զորավիգ լինել Հայաստանին ու Արցախին:
Հանրապետության Նախագահն իր եզրափակիչ խոսքում ամփոփել է հանդիպման ընթացքում հնչած հիմնական կարծիքները եւ տեսակետները, իր մոտեցումները ներկայացրել հնչած բոլոր մտահոգությունների վերաբերյալ, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին: «Չեմ կարծում, թե եկել է ժամանակը խոսելու հայության տարբեր հատվածների միջեւ պառակտման մասին: Վստահ եմ, որ երբեք նման ժամանակ չի գալու»,- վստահեցրել է Հանրապետության Նախագահը:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարություններին ու ձեռնարկված անընդունելի քայլերին, Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես խորը հարգանքով եմ վերաբերում գործընթացի շուրջ առկա բոլոր տեսակետներին ու հնչող բոլոր կարծիքներին: Բայց, եթե որեւէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: