3 հոկտեմբերի 2009 - 18:15 AMT
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի մայրաքաղաքը կնշի իր 2791-ամյա տարեդարձը: Այդ օրը քաղաքի փոքր կենտրոնը փակ կլինի տրանսպորտի երթեւեկության համար: Շուրջ 20 բեմահարթակներում, որոնցից գլխավորը Հանրապետության հրապարակն է, տեղի կունենան համերգներ Երեւանի քույր-քաղաքներից ժամանած երաժիշտների մասնակցությամբ:

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, Էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում երկու տոնական երթ տեղի կունենա` քաղաքապետարանից մինչեւ Հանրապետության հրապարակ եւ Էրեբունի ամրոցից մինչեւ հրապարակ:

Հյուսիսային պողոտայում կգործի ժամանակավոր «Վարպետների քաղաքը», որտեղ իրենց արվեստը կցուցադրեն արհեստավորները, իսկ Մաշտոցի պողոտան կվերածվի մեծ մարզական հարթակի:

Տոնակատարության շրջանակներում տեղի կունենա ռետրո-ավոտմեքենաների ցուցադրություն, հանդես կգան փողային նվագախմբեր: Երեխաներին կզվարճացնեն ծաղրածուները, ձեռնածուները, հայտնի հեքիաթների հերոսները:

Երեկոյան տեղի կունենա երաժշտական հրավառություն Հանրապետության հրապարակում:
Երեւանի հիմնադրման ամսաթիվ է համարվում հինավուրց ուրարտական Էրեբունի քաղաքի հիմնադրման տարին` 782 թ. մեր թվարկությունից առաջ: Էրեբունի ամրոցի ավերակները գտնվում են Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտին: