6 հոկտեմբերի 2009 - 13:58 AMT
Թուրքիային զիջումների գնալն անիմաստ է ցանկացած դեպքում
«Անձամբ ես խիստ բացասաբար եմ վերաբերվում այդ Արձանագրություններին... Իմ վերաբերմունքն, առաջին հերթին, պայմանավորված է իշխանությունների անհարգալից վերաբերմունքով, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում պարզաբանել իրեցն քաղաքականության մոտիվները ժողովրդին: Մենք միայն լսում ենք համառորեն կրկնվող պնդումները, թե Արձանագրությունները նախապայմաններ չեն պարունակում: Իսկ ես պնդում եմ, որ այդ երկու փաստաթղթերի յուրաքանչյուր կետ ինքնին պայման է»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Ըստ նրա, անհեթեթ է ասել, թե կետերը պայման չեն կողմերի համար: «Մենք գործ ունենք հենց պայմանագրերի հետ, թեեւ դրանք անվանում են արձանագրություններ, սակայն պետք է վավերացվեն, ինչը դասում է դրանք ամենաբարձր մակարդակի փաստաթղթերին: Թեեւ տեքստում ուղղակիորեն չեն հիշատակվում Ղարաբաղը, Հայոց ցեղասպանությունը, Կարսի պայմանագիրը, սակայն կան կետեր, որոնք ունեն ձեւակերպումներ, որոնք հետագայում պետք է պարտադրեն հայկական կողմին լուծել այդ խնդիրները: Եվ հարց է առաջանում` եթե այդ կետերը պայման չեն հանդիսանում թուրքական կողմի համար, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի կարող դուրս հանել դրանք տեքստից, ինչպես նաեւ մյուս բոլոր կետերը` սահմանափակվելով սեղմ մի փաստաթղթով, որը կգրանցի դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու դրա հետ կապված սահմանների բացումը: Նույնիսկ եթե այլ պատճառներ չլինեին, արժեր դա անել թեկուզ հայ ժողովրդի միասնությունը պահպանելու համար: Իսկ եթե հայկական կողմը ստիպված է ընդունել թուրքական պայմանները, ապա ինչո՞ւ իշխանությունները դա չեն խոստովանում եւ չեն ասում, թե ինչո՞ւ է դա արվում:

Եթե երկու կողմերն ունենան դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման նպատակահարմարության անկեղծ գիտակցում, ապա դրա համար ոչ մի հարցում զիջումներ հարկավոր չեն: Իսկ եթե նման հասկացություն չկա, ապա ոչ մի զիջումով այն չի ձեռք բերվի: Ստանալով ցանկալին` այն կողմը, որը չի ցանկանում կարգավորել հարաբերությունները, հեշտությամբ ցանկացած պատրվակով կվերադարձնի ստատուս-կվոն, որ կա այս պահին: Ուստի զիջումների գնալն անիմաստ է ցանկացած դեպքում»,-ասել է Խալաթյանը:

Նա նաեւ ընդգծել է, որ կատարվողը համարում է հայ դիվանագիտության ձախողում, որը խոշորագույն պատմական նշանակություն ունի: Եվ ընթացքը դեպի այս ձախողում վաղուց էր տեսանելի: «Անշուշտ, Հայաստանին վատ չէր լինի հնարավորություն ունենալ դիվերսիֆիկացնել իր տարանցիկ ուղիների հնարավորությունները: Սակայն սահմանի բացումը անցողիկ հասկացություն է եւ չի կարելի դրա դիմաց վճարել: Բացարձակապես չի կարելի: Հարկավոր է դադարեցնել բոլոր խոսակցությունները սահմանի մասին եւ խոսել միայն ու միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որին վեհանձն հայ ժողովուրդը համաձայն է առանց նախապայմանների, չնայած իր հանդեպ գործած արյունալի Ցեղասպանության: Հարկավոր է եւս մեկ անգամ շատ բարձր աշխարհով մեկ հաստատել հարեւան երկրի հետ հարաբերությունները կարգավորելու այս բարձր բարոյական դիրքորոշումը, կասեցնել բանակցությունները Թուրքիայի հետ եւ սպասել նրա պատասխանին: Չէ՞ որ, ինչի մասին է պետք պայմանավորվել, եթե ոչ մի պայման չկա: Եթե Թուրքիան հանկարծ տեղի տա եւ համաձայնվի հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, իսկ ես դրան չեմ հավատում, ապա հարկ կլինի ունենալ շատ հայրենասեր ու ազնիվ կառավարություն, որն ի վիճակի կլինի կարգավորել իրավիճակը` ելնելով երկրի, ոչ թե ինչ-որ այլ շահերից: Որովհետեւ քանի դեռ մաքսակետերում ծաղկում է կաշառակերությունը, մեր բոլոր մտորումները եւ փաստարկները իրենց իմաստը կկորցնեն»,-ասել է ՌՀՄ փոխնախագահը, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: