6 հոկտեմբերի 2009 - 17:43 AMT
Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը ուշացած նախաձեռնություն է
Հայաստանի նախագահի համահայկական ուղեւորությունը ուշացած նախաձեռնություն է, քանի որ նախքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը 10-ից էլ քիչ օր է մնացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը: «Սակայն, հաշվի առնելով Անկարայի վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է ազատվի Սփյուռքից, կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի այցը հայկական համայնքներ որոշ առումով պատասխան դարձավ այդ հայտարարություններին»,- ասել է թերթի գլխավոր խմբագիրը:
Նա ավելացրել է, որ հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումը հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ, անհանգստություն են հայտնել: «Բայց ես չեմ բացառում, որ այլ մերձավորարեւելյան երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների թվում կարող են լինել ուժեր, որոնք կօժանդակեն այդ գործընթացը»,- ասել է Շահան Կանդահարյանը:
Հայաստանի նախագահի հանդիպումը Լիբանանի ու Մերձավոր Արեւելքի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ կկայանա երեւանյան ժամանակով 7:30-ին: