6 հոկտեմբերի 2009 - 18:42 AMT
Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշով Հայաստանը գրավում է 84-րդ տեղը
ՄԱԿ-ը հրապարակել է ամենամյա զեկույցը, ներկայացնելով աշխարհի երկրների վարկանիշն ըստ մարդկային ներուժի զարգացման ցուցանիշի, որտեղ Հայաստանը 84-րդ տեղում է:

Մարդկային ներուժի զարգացման ցուցանիշը գնահատում է կյանքի մակարդակն աշխարհի տարբեր երկրներում, հիմնվելով այնպիսի ցուցանիշների վրա, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, չափահաս բնակչության գրագիտության մակարդակը տարրական, միջին եւ ավագ դպրոցների մակարդակով, ինչպես նաեւ եկամուտների միջին մակարդակը:

Արդյունքւմ Նորվեգիան հայտարարվել է կյանքի համար ամենահարմար երկիրը: Նա գլխավորում է այն 38 երկրների ցուցակը, որոնք ընդգրկված են մարդկային ներուժի զարգացման բարձր ցուցանիշ ունեցող երկրների խմբում: Ադրբեջանն այդ ցուցակում 2009թ. արդյունքում 86-ն է, Ուկրաինան 85-ը, Ղազախստանը` 82-ը, Թուրքիան`79-ը, ՌԴ-ն` 71-ը, Բելառուսը` 68-ը, Լատվիան` 48-ը, Լիտվան` 46-ը, Էստոնիան` 40-ը: 182 երկրներից բաղկացած ցուցակը եզրափակում են Սիեռա-Լեոնեն, Աֆղանստանն ու Նիգերը:

Զեկույցում նշվում է, որ միգրանտների մեծամասնությունը չեն հատում միջազգային սահմանները, այլ փոխում են բնակության վայրը սեփական երկրի սահմաններում: ԸՍտ ՄԱԿ-ի տվյալների, ներքին միգրանտների քանակը 740 մլն է, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է միջազգային միգրանտների թիվը: Վերջիններիս թվում շուրջ 70 մլն զարգացող երկրներից տեղափոխվում են զարգացած երկրներ: Օրինակ, աֆրիկացիների միայն 3 տոկոսն է բնակվում իր երկրի սահմաններից դուրս: 200 մլն միջազգային միգրանտների մեծ մասը զարգացող երկրից տեղափոխվել են մեկ այլ զարգացող երկիր կամ զարգացած երկրից մեկ այլ զարգացած երկիր: