6 հոկտեմբերի 2009 - 23:42 AMT
ԵԽԽՎ-ում հայ պատվիրակության բացատրական աշխատանքը ղարաբաղյան հակամարտության մասին իր արդյունքներն է տվել
«ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հայ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդես են եկել ԵԽԽՎ նիստում` ՄԱԿ-ի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին առաջարկով»,-այսօր ՀՀ ԱԺ երեկոյան նստաշրջանում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա նաեւ հաղորդել է, որ հայ պատվիրակությունն առաջարկել է ընդգրկել Արցախի բնակչությանը ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերում:

Հ.Նաղդալյանը հավելել է, որ հայկական կողմն անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ոչ համարժեք եւ սադրիչ գործողություններին, որոնք հակասում են եվրոպական համագործակցության բնականոն գործընթացի պահանջներին:

Իր հերթին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն արժանի հակահարված է տվել ղարաբաղյան հակամարտության պատմությունը խեղաթյուրող ադրբեջանական պատվիրակությանը:

Զոհրաբյանն առաջարկել է ՀՀ ԱԺ քննարկմանը դնել ՀՀ 2010թ. բյուջեից ԵԽԽՎ-ում ԼՂՀ մասին բացատրական աշխատանքին ուղղված միջոցների հատկացման հարցը: