7 հոկտեմբերի 2009 - 19:53 AMT
Միլոշ Լեքսա. ԵՄ-ն դեռեւս պատրաստ չէ նոր ընդլայնմանը
ԵՄ-ն դեռեւս պատրաստ չէ նոր ընդլայնմանը: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտնել է «Արեւելյան գործընկերության» գծով Չեխիայի համակարգող Միլոշ Լեքսան: «Դեռեւս նախքան Պրահայի գագաթաժողովը որոշվել էր, որ այդ նախաձեռնությունը չի հետապնդելու մասնակից երկրներին ԵՄ անդամ դարձնելու կամ ասոցատիվ անդամության նպատակը: Այսօր ԵՄ-ն պատրաստ չէ ընդլայնման: Ներկա փուլում բանակցություններ են ընթանում Սերբիայի եւ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, բայց առայժմ Եվրամիությունը պատրաստ չէ բավարարել ԵՄ մտնել ցանկացող երկրների նոր հոսքը»,- ասել է եվրոպացի դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ Չեխիան եւ ԵՄ որոշ երկրներ հավատում են, որ «Արեւելյան գործընկերությունը» կարող է նախապատրաստական փուլ դառնալ ԵՄ-ում այդ վեց մասնակից երկրների ասոցատիվ անդամության համար:

«Արեւելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը: