8 հոկտեմբերի 2009 - 13:38 AMT
Առաջիկայում Հայաստանում կստեղծվի նոր ընդդիմադիր շարժում
«Մեր քաղաքական դաշտը վերահսկվում է կողմնակի ուժերի կողմից, հարկավոր է ամեն ինչ անել, դրանից ազատվելու համար»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միացում» ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցությանը, նա նշել է, որ «Միացումն» ու ՀԱԿ-ը երբեք չեն համարվել միասնական մարմին` «Մենք ուղղակի պայքարել ենք նույն դաշտում եւ երբեք չենք լքել այն»:

Ըստ Սեֆիլյանի, առաջիկայում կձեւավորվի նոր ընդդիմադիր օղակ, որը կկրի իր մեջ հայ ժողովրդի ուժը եւ կգլխավորի ժողովրդական շարժումը: Նա նաեւ հավելել է, որ դա լինելու է անկուսակցականների շարժում, ինչը բոլորովին էլ չի նշանակում, թե այս կամ այն կուսակցության անդամներ չեն կարող մասնակցել դրան:

Սեֆիլյանը նշել է, որ վերջին 15 տարվա փորձը ցույց տվեց, որ համագործակցությունն այլ կուսակցությունների հետ ոչ մի արդյունք չի տալիս, քանի որ այ «բնռապետական ռեժիմի» պայմաններում ոչ մի կուսակցություն չի կարող կայանալ:

Սեֆիլյանն ասել է, որ ապագա շարժման նպատակը լինելու է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացի ձախողումը, այլ բարոյական ռեժիմի ստեղծումը: «Մեր նպատակն է հիմնվել ազգի ներուժի վրա, որի օգնությամբ կտապալվի գործող ռեժիմը»,-ասել է «Միացում» նախաձեռնության առաջնորդը:

Նա նաեւ հայտարարել է, որ ապագա շարժումը չի ընդունում այսօրվա արժեքային համակարգը: