8 հոկտեմբերի 2009 - 14:42 AMT
Ռոումինգի սակագները ԱՊՀ երկրներում 3-6 անգամ բարձր են, քան Եվրոպայի երկրներում
ԱՊՀ երկրների հակամենաշնորհային կառույցներն այս փուլում հիմնականում աշխատում են երկու ուղղությամբ` փորձի փոխանակում օրենսդրական ոլորտում ու տարբեր շուկաների համատեղ ուսումնսիրությունների անցկացում, լրագրողներին է հաղորդել Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմյեւը Երեւանում ընթացող ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստի շրջանակներում: «Այժմ մենք աշխատում ենք հակամենաշնորհային օրենսդրության խախտումների դեմ պայքարում փորձի փոխանակման ուղղությամբ, որպեսզի այդ օրենսդրությունը փոխլրացված լինի ԱՊՀ բոլոր երկրների համար, ինչպես նաեւ այն կյանքի կոչելու համար»,-ասել է նա: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի տնտեսական մրցունակության պաշտպանության պետական կոմիտեի աշխատանքին, որը գլխավորում է Աշոտ Շահնազարյանը, եւ հավելել է, որ ԱՊՀ մյուս երկրները շատ բան ունեն սովորելու այս կառույցից:

Ինչ վերաբերում է համատեղ հետազոտություններին, ապա, ըստ նրա, ստեղծվել է հետազոտական շտաբ ավիացիոն փոխադրումների շուկայի ուսումնասիրության համար: «Խնդիրը ոչ թե ավիափոխադրողների միջեւ մրցակցության մենաշնորհումն է, այլ այն, որ հարկավոր է վերանայել 90-ականների միջպետական պայմանագրերը, որոնք, ըստ էության, նպաստում են ոլորտի մենաշնորհացմանը»,-ասել է նա: Արտեմյեւը նշել է, որ հատուկ ստեղծված շտաբը հետազոտությունների արդյունքում պարզել է, որ ավիատոմսերի բարձր գները հիմնականում կապված են նրա հետ, որ միջպետական պայմանագրերում նշվում են 1-2 ավիափոխադրողներ:

Բացի այդ, համատեղ շտաբը ստեղծվել է հեռահաղորդակցությունների շուկայի ուսումնասիրման համար: «Մեր երկրներում ռումինգի սակագները 3-6 անգամ բարձր են, քան Եվրոպայի երկրներում»,-ասել է նա: Արտեմյեւը տեղեկացրել է, որ նման աշխատանքային խմբեր են ստեղծվել ցորենի, էլեկտրաէներգետիկայի, պարենային ռիթեյլինգային շուկայի, դեղորայքի, երկաթուղային բեռնափոխադրումների եւ գովազդային շուկաների ուսումնասիրության համար: