9 հոկտեմբերի 2009 - 17:14 AMT
Թուրքիայի սահմանի ճանաչումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչումն իմաստ չի ունենա
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ուղղակիորեն կապված է ներկայիս Թուրքիայի տարածքը ճանաչելու հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նրա խոսքերով, Թուրքիայի սահմանները ճանաչելուց հետո, էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն ոչ մի իմաստ չունի: «Ում է պետք լինելու Թուրքիայի ներողությունը, եթե մենք հետ չենք ստանալու մեր պատմական հողերը»,-ասել է Բաբայանը:
Նա նաեւ նշել է, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, հասարակությունն առավել սուր կարձագանքի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում Բաբայանը նշել է, որ ՀՀ նախագահին համոզելու փորձերն ապարդյուն են, քանի որ, ըստ Սարգսյանի դա միակ ճիշտ ուղին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
«Եթե Արձանագրությունների ստորագրումը հակասի Հայաստանի ազգային շահերին, ես կլինեմ նրանց թվում, ով կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը»,-ասել է Բաբայանը` հավելելով, որ հայ ժողովուրդը չպետք է վախենա բանակցություններից:
Նա նաեւ անարդյունավետ է համարել ՀՅԴ պահանջները ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրաժարակի վերաբերյալ` նշելով, որ նա անում է այն, ինչ իրեն ասում են:
Բաբայանը նաեւ մեկնաբանել է Ս.Սարգսյանի համահայկական ուղեւորությունը` ընդգծելով, որ ՀՀ նախագահը պետք է եզրակացություններ անի այդ հանդիպումներից եւ ինչ-որ կերպ արձագանքի, հակառակ դեպքում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կպառակտվեն: