12 հոկտեմբերի 2009 - 10:54 AMT
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունում է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը Հայաստանի եւ Թուրքիայի կողմից: Պան Գի Մունն իր հայտարարության մեջ ասել է, որ Արձանագրությունների ստորագրումը նպաստելու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:

«Այդ պատմական որոշումը կարեւոր ուղենիշ կդառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների կառուցման, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհին»,- ասվում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Ընդ որում, Պան Գի Մունը երկու երկրների խորհրդարանների կողմից Արձանագրությունների արագ վավերացման հույս է հայտնել` երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումն ապահովելու նպատակով: