12 հոկտեմբերի 2009 - 11:00 AMT
Էրդողանը փորձում է քաղցրացնել Ադրբեջանի համար նախատեսված հա՞բը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումից մեկ օր անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարում է, որ Հայաստանը պետք է «դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից»: Թուրք վարչապետն ասել է, որ Թուրքիան «չի կարող Հայաստանի հետ սահման բացել, մինչեւ որ հայկական զորքերը դուրս չգան հակամարտության գոտուց»: Էրդողանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կդառնա երաշխիքն այն բանի, որ Հայաստանի հետ ստորագրած Արձանագրությունները ամենաարագ կերպով կվավերացվեն թուրքական խորհրդարանում, հաղորդում է AP-ն:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայացավ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը: Ստորագրման արարողությունը 3 ժամով հետաձգվեց այն պատճառով, որ վերջին պահին թուրքական կողմը որոշեց փոփոխություններ մտցնել իր հայտարարության տեքստի մեջ` ներառելով Արձանագրությունների ոգուն հակասող արտահայտություններ: